Վրաստանի վարչապետը ցուցարարների պահանջով հրաժարական չի տա
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել է հեռանալ պաշտոնից Թբիլիսիում ցուցարարների պահանջով: Հունիսի 1-ին նրա հայտարարությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Երբ վստահ լինեմ, որ իմ հրաժարականն օգուտ կտա երկրին և գոնե մի փոքր կբարելավի և կլիցքաթափի իրավիճակը, չեմ կասկածի ոչ մի վայրկյան: Այսօր այդպիսի իրավիճակ և նման պահ չէ», - ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն: Մայիսի 31-ի երեկոյան Թբիլիսիում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ 2017-ի դեկտեմբերին երկու դպրոցականների սպանության գործով դատավճռի:
Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին:
Հունիսի լույս 1-ի գիշերը ցուցարարները ստիպված են եղել ընդհատել ակցիան հորդառատ անձրևի պատճառով, սակայն, մտադիր են շարունակել 16:00-ին: Նշվում է, որ ակցիային կարող են միանալ շրջանների բնակիչները: