3.04.2026
20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Le Figaro-ի անդրադարձը
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան. ՀՀ վարչապետ

Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա, նախ, նշել է, որ իր համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որովհետև ՀՀ քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ և առանձնահատուկ նշանակություն: Եվ հիմա, նշել է նա, հայտնվել ենք այն կոնկրետ իրավիճակում, երբ եթե ոչ բոլոր, առնվազն բազմաթիվ ցանկություններ ի կատար ածելու և իրագործելու հնարավորություն կա:

«Հայաստանի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում և այս փաստը նաև ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան ու ավելի խորանան, և մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, վրաց իր գործընկերոջ հետ քննարկել են նաև երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը երկկողմ հարաբերություններում, որովհետև, համոզմունք է հայտնել նա, կողմերն ունեն երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և պետք է ամեն ինչ անել ոչ միայն կարճաժամկետ շահերի այսօրվա օպերատիվ խնդիրների լուծման համար, այլև պետք է մտածել երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք այսօրվա իրողություններն ավելի ճիշտ գնահատել, ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երակարաժամկետ համագործացկության տրամաբանությամբ:

«Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և մենք, իհարկե, ակտիվորեն կաշխատենք այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, և այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում: Իհարկե, կարևորագույն խնդիր է տարածաշրջանի կայունությունը: Մենք պարոն վարչապետի հետ մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևորագույն նախապայման է»,- շեշտել է նա:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եկել են կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից, որովհետև որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր են ելնել իրենց ազգային շահերից և սպասարկել ազգային շահերը:


«Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը և զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

«Երևան Սիթի»-ում գործել է հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրության խոշոր մեխանիզմ. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար