Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։
Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:
Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետեւել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ։
Նույն օրը Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։
Իր խոսքում Հայաստանի նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»:
Նա ասել է, որ հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու և բաժանարար գծերը փոխշահավետ ձևով վերացնելու ժամանակահատված: Արմեն Սարգսյանի կարծիքով, ներկա իրողությունները և հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող զարգացումների դինամիկան թույլ են տալիս հուսալ, որ ժողովրդավարացման գործընթացները կնպաստեն տարածաշրջանի ինտեգրմանը և կայուն խաղաղության հաստատմանն ու տնտեսական վերելքին: Հայաստանի Նախագահը վստահ է, որ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող ոչ միայն տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնությունները, այլև՝ հաստատել հանդուրժողականության, փոխշահավետության և բարիդրացիական հարաբերություններ բոլոր ոլորտներում։