Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ՀՀ ԶՈւ ԳՇ նոր պետի: Այս մասին Փաինյանը տեղեկացնում է իր Facebook-ի էջի միջոցով:
Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:
Տեղեկացրել էինք, որ այսօր ԳՇ պետի պաշտոնից ազատվել է Մովսես Հակոբյանը: Նա քիչ առաջ նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ:
Հիշեցնենք, որ Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը զբաղեցել էՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, իսկ անցյալ տարվա սեպտեմեբերից նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:
Կենսագրական տվյալներ
Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։
Կրթություն
· Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
· 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
· Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
· 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
· 1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
· 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
· 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
· Գեներալ-մայոր (2010):
· «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
· Արիության մեդալ:
· ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
· ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։