Առկա խնդիրները պետք է ավելի մեծ պրիզմայով դիտարկել. ԱՀ նախագահի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊՆ-ում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ապա խորհրդակցություն անցկացրել: Ի թիվս այլ հարցերի` ԶՈՒ-երի մարտունակության բարձրացում և այլն, նա անդրադարձել է նաև թիկունքային ապահովման խնդիրներին ու ընդգծել, որ պետք է բացառվի այն իրավիճակը, երբ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ իրականացնեն:
VERELQ-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ այդ խորհրդակցությանն ու առաջնագծում առկա իրավիճակին:
-Պարոն Աբրահամյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ է ունեցել Գլխավոր շտաբի պատասխանատուների հետ և որ նրանք հավաստիացրել են, որ թիկունքային ապահովման հարցում խնդիրներ չկան: Արդյոք սննդային ապահովման հարցերում խնդիրներ կան, ի՞նչ պետք է անել բարձրացնելու զինծառայողներին տրվող սննդամթերքը: Ի՞նչ խնդիրներ կա թիկունքային ապահովման հարցում:
-Ես դեռ չգիտեմ, թե ինչ փոփոխությունների կգնա Հայաստանի նոր կառավարությունը ձեր կողմից նշված հարցերում, բայց կարող եմ վստահ ասել, որ պաշտպանության բանակում զինծառայողներին այնպիսի սննդակարգով է ապահովվում, որոնք զինծառայողների 70-80%-ը նույնիսկ իրենց տներում չեն ստացել: Եթե համեմատական վերլուծության ենթարկենք թիկունքային ապահովման հետ կապված հարցերը, ապա դրանք 5, 10, 15 տարվա կտրվածքով մեծ փոփոխությունների են ենթարկել՝ լավ իմաստով: Անելիքներ, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ, միշտ էլ կլինեն, պետք է անընդհատ բարելավել. մենք կանգ առնելու իրավունք չունենք:
-Վարչապետը հրապարակային կոչ արեց՝ ավանդական զինվորներին ուղարկվող ծանրոցներ այլևս չուղարկել:
-Այն ինչ ծնողներն են ուղարկում, այնպես չէ, որ դրանք այդ պահին խիստ անհրաժեշտ են զինվորին: Հայկական իրականություն է` ծնողներ են, ինչ ուտում են ցանկանում են դա կիսել իրենց զինվորների հետ: Ինչ ծախսեր սովորական պայմաններում չէին անի, անում են զինվորների համար: Չէի ցանկանա դետալային քննարկումների դաշտ բերել այս ամենը, ուղղակի խնդիրները պետք է ավելի մեծ պրիզմայով դիտարկել: Կարծում եմ՝ առաջիկայում այս թեմայով մանրամասն քննարկումներ կլինեն աշխատանքային հարթությունում և հնարավորություն կլինի լավագույն լուծումները գտնել:
-Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում: Վերջին շրջանում նկատվում էր ադրբեջանակն զինուժի ակտիվ տեղաշարժ:
- Հակառակորդի ակտիվությունն առաջնագծի ադրբեջանական հատվածում՝ տարբեր խորություններում պահպանվում է, ժամանակ առ ժամանակ փոփոխոթյան են ենթարկվում դրանց դրսևորման ձևերը: