VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ականների պահվածքն արդեն խղճահարություն է առաջացնում: Երեկ Հաղթանակի օրվա եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին Երեւանում ու Ստեփանակերտում: Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական վերնախավը ներկա չի գտնվել հայկական երկու մայրաքաղաքներում անցկացված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցելու հրավեր էին ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ներկա չէր, այլ բավարարվել էր ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին շնորհավորական ուղերձ հղելով: Սակայն Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանել է. «Որպես ի՞նչ գամ այդտեղ»:
Նկատենք, եթե նախկինում ՀՀԿ իշխանական վերնախավը Սերժ Սարգսյանի աչքին երեւալու եւ սիրաշահելու մղումով ամենուր հետեւում էր նրան, հսկայական պատվիրակությամբ գործուղման մեկնում ԼՂՀ, ապա այս անգամ, հակառակը, Ստեփանակերտ չէին գնացել: Անգամ Երեւանում` Հաղթանակ զբոսայգում, անհայտ զինվորի հուշաքարին այցելած պաշտոնյաներին մատների վրա կարելի էր հաշվել: Զբոսայգի կառավարության անդամներից այցելել էր միայն ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, իսկ մյուս նախարարները չկային: Հաղթանակի զբոսայգում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն առանց ՀՀԿ-ական պատգամավորների. նրան չէին ուղեկցում անգամ տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, էլ չենք խոսում մյուս պատգամավորների, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների մասին: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն այդ ՀՀԿ-ականները լայն ժպիտներով գալիս էին զբոսայգի, վետերանների հետ նստում ճաշելու: Կարելի է ենթադրել, որ մինչ այս նրանք ստիպված էին նման միջոցառումների մասնակցել ու հիմա որոշել են վայելել ազատությունը: Կամ ՀՀԿ-ականների համար այս տոները տոն էին, քանի դեռ նրանք իշխանություն էին: Կա նաեւ երրորդ տարբերակը. ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, եւ հիմա նրանք սգի մեջ են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։ Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ «Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները և դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։ Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում և ԲՀԿ-ն, ձեռքերը ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»։ Նկատի ունեք Կարեն Կարապետյաններին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՞ն։ Վերջինս կարող է կուսակցություն ստեղծել, բայց այլ անձի ղեկավարությամբ։ ՀՀԿ-ից «առնետավազք» կլինի՞։ «Չի լինի, նախ, «առնետները» տեղ չունեն փախնելու՝ այլ խմբակցություն մտնել չեն կարող, օդի մեջ մնալ՝ նույնպես, իսկ քաղաքական իրադրությունը փոխվում է արագությամբ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի: «Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում,- ասել է Շարմազանովը՝ հավելելով,- եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի»: Մյուս կողմից Շարմազանովը պնդել է, թե ՀՀԿ-ն, որ խորհրդարանում ունի մեծամասնություն, սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը: «Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու»,- պնդել է Շարմազանովը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ: «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, կարծես թե պատրաստ է գնալ կոալիցիայի: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆելներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հասարակ պահվածքը հաճախ զարմացնում է մարդկանց: Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել՝ ի ցույց դնելով աշխատասենյակը, աշխատանքային պայմանները, նաեւ պատմել էր իր աշխատանքային օրվա ընթացքի մասին: Երեկ էլ Հաղթանակի զբոսայգում Արմեն Սարգսյանն առանց ավելորդ ձեւականության զրուցում, շփվում էր քաղաքացիների հետ, չէր անտեսում իրեն մոտեցող ոչ մի քաղաքացու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքիր մի դրվագի է ականատես եղել. երբ Արմեն Սարգսյանին մոտեցավ ՀՀԿ հայտնի տատիկը, Արմեն Սարգսյանը շատ ուշադիր լսեց նրա բողոքը: Ընդ որում, ՀՀԿ տատիկը ներկայացավ իր իսկական անուն-ազգանվամբ` Սուսաննա Սարգսյան: Նախագահ Արմեն Սարգսյանը կատակեց, թե շատ հազվադեպ հանդիպող ազգանուն է կրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ՝ տոնական միջոցառումների, Հայաստանի քաղաքական դաշտն ալեկոծության մեջ է՝ նախկին ու ներկա, մոռացված ու գործուն, բարեկամ ու երբեմնի հակառակորդ քաղաքական գործիչներն արդեն մի քանի օր է՝ իրենց «անվճար ու անհատույց» ծառայությունների մասին են բարձրաձայնում, թե պատրաստ են ցանկացած կարգավիճակում աջակցել ապագա կառավարությանը։
Իրականում ակնհայտ է, որ նրանք իրենց մասին հիշեցնելով՝ ռեալ ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից, որը, սակայն, հակված չէ նախկին իշխանություններից ու կառավարություններից պաշտոնյաների նշանակել, որպեսզի հնարավորինս անխոցելի լինի իր կաբինետը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Օրաթերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած և չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1.5 տարվա համագործակցության համար: Ըստ էության, այս քայլով Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ որոշ ժամանակ անց վայր է դնելու իր լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ասվեց, որ դա ապատեղեկատվություն է: Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը: Նման գործերը միանգամից մերժվում են, քանի որ համարվում է, որ Հայաստանը այլևս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Քանի որ քաղաքական ապաստանի հիմքեր չկան, ՀՀ բոլոր քաղաքացիները կարտաքսվեն ժողովրդավարական Հայաստան»: