Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին:
Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:
Նախագաh Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է նաև մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:
Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ: