Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է ու պետք է մեծ ջանք գործադրել այդ հարաբերությունները պահպանելու համար: Aysor.am-ի հաղորդմամբ այսօր լրագրողների հետ հադնիպմանն ասել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Հասկանալի է, որ ցանկացած փոփոխություն բոլոր դերակատարներին պետք է մտահոգի, առաջացնի հետաքրքրություն։ Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին այս պրոցեսներում ու մեզ բազմիցս մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու մեջ, սա, իհարկե, անհեթհեթություն է։ Պարզապես նշել ենք, որ նման գործոն էլ կա», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ ավելացնելով.
«Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր այսօր որոշումներ են կայացնում ղեկավարությունում, ովքեր վարչապետի պաշտոնում են, գիտակցում են այս իրավիճակը»։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների, ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցերը նախօրեին քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Պետք է մեծ ջանք գործադրել այդ հարաբերությւոնները պահպանելու համար։ Երեկ Փաշինյանի հետ այդ մասին մանրամասն խոսել ենք», - ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։
Նա նաև անդրադարձել է սահմանին առկա իրավիճակին՝ նշելով, որ շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ ՊՆ հայտարարությանը:
«Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անել հայտարարություն ներքական պրոցեսների համար, բացարձակ անարգանք է ոչ միայն Պաշտպանության նախարարի համար, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի։ Պատկերացրեք՝ ես անում եմ սուտ հայտարարություն ու իմ սպան, իմ զինվորը տեսնում են իրական իրավիճակը, ինչպե՞ս եմ ես նրանց աչքերի մեջ նայելու», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ սահմանային իրավիճակի մասին տեղեկանալու համար այս օրերին այդպես էլ որևէ զանգ չի ստացել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանինց կամ շարժման այլ անդամներից։
«Կրկնում եմ՝ բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին իրավիճակով։ Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն շարունակում է լարված մնալ։ Լարվածությունը պայմանավորված էր ոչ թե կրակի բարձր ինտենսիվությամբ, այլ՝ կուտակումներով, այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը, և մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են ցանկացած գործողություններին հակազդել», - ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։