24.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալվել է վեց անձ. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանից կառավարությունում պորտֆելներ են ուզում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Առայժմ, սակայն, ո՛չ նախարարի, ո՛չ էլ նրա երկու տեղակալների հրաժարականի դիմումները չեն հրապարակայնացրել: Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, եւ, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ` ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով: Ասել է, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար աջակցություն հայտնած ուժերը ցանկանում են «փայ» ունենալ ապագա կառավարությունում եւ այժմ քննարկում են, թե որ նախարարությունն ում պետք է տրվի: Սակայն երկու կուսակցություններից էլ հերքում են այս լուրերը: «Նման քննարկում չի եղել: Այդպիսի տեղեկություն ինձ հայտնի չէ: «Ծառուկյան» դաշինքն առանց նախապայմանների իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին»,- նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Դաշնակցությունը եւս հերքում է նման խոսակցությունները: «Չենք հավակնում եւ չենք պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ: ՀՅ դաշնակցության հարաբերությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քաղաքական ուժերի հարաբերություններ են, եւ մենք պատրաստ ենք կրկին աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում Ռուսաստանի և ռուսահայ օլիգարխիայի շահերի ներկայացման առաքելությունը «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանից փոխանցվել է «Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանին: Ավագումյանը նախորդ տարի ձեռք էր բերել «Արտֆուդ» ընկերությունը, հայտնի է դարձել, որ նա ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը և շարունակելու է ընդլայնել իր տնտեսական ներկայությունը Հայաստանում: Ավագումյանը փորձելու է ձևավորել օլիգարխների մի բևեռ, որը պետք է պաշտպանի Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը Հայաստանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։ Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։ Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Դրանից անմիջապես հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվել է, թե իրենց խմբակցության որ պատգամավորն այսօր ԱԺ հատուկ նիստում ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այնուհետեւ ՀՀԿ պատգամավորներին ներկայացվել է «ցուցակը»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանի օգտին քվեարկելու է ՀՀԿ-ական 12 պատգամավոր: Կողմ քվեարկողները մեծամասամբ կլինեն գործարար հատվածից, ինչպես նաեւ անկուսակցականները: Այսպիսով` ամենայն հավանականությամբ կողմ քվեարկող պատգամավորներն են լինելու՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, եւ, վերջապես, Ֆելիքս Ցոլակյանը, որը նախորդ նիստում եւս կողմ էր քվեարկել: Սակայն այս ցանկում մինչ վաղը կարող են փոփոխություններ լինել:


Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քաղաքական մասին` Էդվարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Գալուստ Սահակյան եւ այլք, նրանք դեմ են քվեարկելու ընդդիմադիր առաջնորդին: «Ժողովուրդ»-ին երեկ նաեւ լուրեր հասան, որ 12 ՀՀԿ-ականների` Փաշինյանի օգտին կողմ քվեարկելը ներկայացվել է որպես այս օրերին առանց այն էլ վարկաբեկված կուսակցության դեմքը փրկելու վերջին քայլ, թասիբի հարց: Նկատենք, որ հիմա ՀՀԿ-ն իսկապես կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. կա՛մ կընտրի ժողովրդի թեկնածուին` փրկվելով համաժողովրդական ալիքի կործանիչ հարվածից, կա՛մ, ընդհակառակը, կփորձի տապալել այդ գործընթացը եւ առհավետ կհայտնվի քաղաքական աղբանոցում: Հուսանք` մայիսի 1-2-ի իրադարձություններից համապատասխան հետեւություններ արել են: