24.11.2024
Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակայանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կշարունակի համաձայնագրի իրականացման աշխատանքները Հայաստանի հետ. Սվիտալսկի

Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ամրապնդելու ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության, օրենքի գերակայությունը: Aysor-ի հաղորդմամբ, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։


Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս բոլոր արժեքները շատ կարևոր են և շատ թանկ են սովորական քաղաքացիների համար։


«Եվրոպական միությունը կլինի Հայաստանի ու հայերի հետ ամբողջ ընթացքում», - ասաց նա։


Հարցին, թե երկրում տեղի ունեցող ներքին գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավարեցման վրա, Պյոտր Սվիտալսկին արձագանքեց.


«Մենք շատ հավակնոտ ծրագիր ունենք այս պահին և կարծում եմ, որ կաշխատենք պայմանագրի այդ ուղղությամբ։ Այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ բոլոր արժեքները շատ կարևոր են շարքային քաղաքացիների համար, որոնք էլ հենց կազմում են այդ համաձայնագրի ողնաշարը։ ԵՄ-ն կաշխատի Հայաստանի հետ իրականացնելու այդ համաձայնագիրը, նույնիսկ շատ ավելի ջանասիրաբար, քան եղել է նախկինում», - ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։