Վանաձորում երթեւեկությունը կաթվածահար է. կենտրոնը շարունակում է փակ մնալ
Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի Հայքի հրապարակին հատող հատվածը շարունակում է փակ մնալ, ցուցարարները նստել են գետնին՝ կանգնեցնելով մեքենաների երթեւեկը:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մեծ մասը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը դուրս են եկել շենքից ու ցուցարարներից մոտ 5 մետր հեռավորության վրա են գտնվում, հետեւում նրանց:
Հիշեցնենք, որ երիտասարդները փակել էին Հայքի հրապարակին կից Տիգրան Մեծ պողոտան, Վանաձորի կենտրոն բերող ճանապարհը կաթվածահար է, ակցիային իրենց կառույցների մոտից հետեւում են քաղաքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաները, տարածքում արդեն ոստիկանության մարզային ու քաղաքային ներկայացուցիչներն են:
Երեւանում ապրիլի 16-ի առավոտյան սկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անհնազանդության գործողությունները, որոնց անցնել կոչ արեց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ:
Մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, արդեն փակվել են տասնյակ փողոցներ: