Ես ձեզանից մեկն եմ. Հայկ Մարությանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակում
Դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ միացավ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին ու ելույթ ունեցավ:
Նա ողջունեց հավաքված հազարավոր քաղաքացիներին և հայտարարեց, որ զարմացած է, որովհետև անկախ մեկը մյուսից, անկախ ինչ-որ կազմակերպություններից ու կազմակերպիչներից ամեն մեկը իր տեղում ինչ-որ բան է արել: Նա նշեց, որ հիացած է երիտասարդությամբ, իրենց ցուցաբերած անհնազանդությամբ և շեշտեց, որ վստահ է հաջողության մեջ.
«Ինձ հաճախ հարցնում են՝ հն՞, մի բան կլինի՞: Արդեն լինում ա, արդեն եղել ա: Եե մեկին թվում է, որ այն պրոցեսը, որը անցնում ենք, պետական պրոցես չի, նա չարաչար սխալվում է: Մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, մի օրում ոչինչ չի լինում և ամենակարևորը՝ նստած տեղում ոչինչ չի լինում», -հայտարարեց նա:
Մարությանը հայտարարեց, որ հավաքվածներից մեկն է և այնքան ոգևորված է, որ տեսնում է այդքան մարդ Ֆրանսիայի հրապարակում և դեռ որքանն էլ Երևանի այլ հատվածներում են.
«Եթե ազգը ոտքի է կանգնում նրա ձայնը դառնում է լսելի»,- ասաց դերասանը:
Մարությանը հայտարարեց, որ շատ մարդկանց հետ է շփվում և բոլորը դժգոհ են իրենց կյանքից: Պաշտոնապես, ասաց նա, աղքատությունը Հայաստանում կազմում է 30 տոկոս և սա սարսափելի թիվ է:
«Կեցցե՛ վաղվա Հայաստանը, ազա՛տ, անկա՛խ Հայաստանը»,- հավելեց իր ելույթը սիրված դերասանը: