26.11.2024
ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն անում է հնարավորը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար
prev Նախորդ նորություն

Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են. Կասպրշիկի գրասենյակ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պլանային դիտարկումներ է իրականացնում ամիսը մոտ երկու անգամ։ Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում: Panorama.am-ին այս մասին հայտնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից:


Նշվում է, որ դիտարկումները տեղում առկա իրավիճակի արձանագրումն են; 


 


«Կողմերն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող զինվորական և քաղաքացիական ոլորտներին առնչվող հարցեր են բարձրացնում։ Քաղաքացիական տեսակետից տեղական իշխանությունները խոսում են այն մասին, թե ինչպես է բնակչությունը տուժում է հակամարտության չլուծված լինելու պատճառով։ Կողմերի բարձրացրած բոլոր հարցերը զեկուցվում են ԵԱՀԿ նախագահությանն ու Մինսկի խմբի համանախագահներին»,- նշել են գրասենյակից։


Հարցադրմանը, թե մի քանի անգամ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն տարածած հաղորդագրություններում նշել է, որ ադրբեջանական կողմը երաշխիքներ չի տվել ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը և ո՞րն է նման դեպքերում գրասենյակի արձագանքը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրել են, որ դիտարկումները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվում են կողմերի հետ։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու, պահպանելու նպատակով դրանք անցկացվում են ռազմական ուղեկցորդների օգնությամբ։ Բացի այդ, անվտանգության երաշխիքները տրամադրվում են դիտարկումն անցկացնելու հարցման պաշտոնական պատասխանում, ինչպես նաև տեղական հրամանատարների կողմից հենց դիտարկման ընթացքում.


«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի անվտանգության ապահովումը երբևէ չի մերժվել կողմերի կողմից»,- փոխանցել են ի պատասխան հարցադրման։


Գրասենյակից նաև արձանագրել են, որ տարբեր առիթներով շփման գծի բոլոր հատվածներում էլ արձանագրվել են զինադադարի խախտումներ և լարվածության աճ։