24.11.2024
Թիլերսոնին հայտնեինք գյուլենականների և քրդերի հետ կապված անհանգստությունը. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պայմանավորվել են «Հարավային գազային միջանցքի» շուրջ

Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան պայմանավորվել են շարունակել «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրականացման աշխատանքները, հաղորդել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է Բաքվում՝ «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի շրջանակներում տեղի ունեցած չորրորդ նախարարական հանդիպման ժամանակ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին։

Հռչակագրում նախարարները պատրաստակամություն են հայտնել ծրագրի այնպիսի կարեւորագույն ասպեկտների իրականացման շուրջ, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, ջերմոցային գազերի կրճատումը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումը եւ այլն:

Կողմերը նաեւ քաղաքական աջակցություն են հայտնել «Շահ Դենիզ» գազի հանքի զարգացման ծրագրի երկրորդ փուլին: Կումիշվիլիի խոսքով՝ այս նախագիծը հատկապես կարեւոր է Վրաստանի տնտեսության եւ էներգետիկ անվտանգության համար:

«Հռչակագրում նշվում է, որ նախարարները ընգծում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ դերն այս ծրագրի իրականացման գործում, ինչպես նաեւ նախագծի կարեւորությունը Էներգետիկ միության անդամ երկրների համար, դրանց թվում՝ նաեւ Բալկանյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի համար, որը 2016 թվականին դարձել է էներգետիկ միության անդամ»,- ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:

Կողմերը ընդգծել են նաեւ ռազմավարական հարաբերությունների խորացման կարեւորությունը եւ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:

Մասնակիցները մատնացույց են արել նաեւ այն առաջընթացը, որն արդեն առկա է այս ուղղությամբ եւ եւս մեկ անգամ հայտարարել, որ նախագիծը ավարտին կհասցվի նշված ժամկետներում, իսկ Եվրոպան լրացուցիչ ադրբեջանական գազը կստանա 2020 թվականին։

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ր իր ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ։

«Հարավային գազային միջանցքը» հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունն է եւ ենթադրում է Թուրքիայում TANAP գազատարի շինարարությունը եւ դրա շարունակության շինարարությունը մինչեւ Եվրոպա՝ TAP գազամուղով: