ՀԱՊԿ-ը ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում է ձեւավորում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում է ձեւավորում եւ չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2017 թվականին ՄԱԿ-ի խնդրանքով մենք սկսեցինք մշտական պատրաստության ոստիկանական ուղղվածության խաղաղապահ ստորաբաժանման ստեղծումը: Կարծում եմ, որ 2018 թվականին համապատասխան որոշումներ կկայացվեն, բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են: Մնում է համապատասխան նորմատիվ փաստաթուղթ ընդունել», - ասել է Սեմերիկովը:
«Վերջերս ոստիկանական հատվածի մասնակցությունը ՄԱԿ-ի առաքելության ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա: «Մենք չենք բացառում, որ մեր ներուժը կարող է օգտագործվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում նաեւ՝ ռազմական կոնտինգենտում: Հետեւաբար, հաշվի առնելով ՄԱԿ-ի պահանջները, մենք արդեն մի քանի տարի է պատրաստում ենք մեր խաղաղապահներին»,- ասել է նա: