«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» քննադատել է Ալիևի որոշումը
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» անդրադարձել է Ադրբեջանում ապրիլին տեղի ունենալիք նախագահական արտահերթ ընտրություններին և արձանագրել, որ այդ որոշումը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինստիտուտը գտնում է, որ Ադրբեջանում կամարտահայտման և խոսքի արտահայտման ազատության բացակայության պայմաններում անհնար է նման կարճ ժամանակահատվածում կազմակերպել ազատ և անկախ ընտրություններ:
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» հայտարարության մեջ նշում է, որ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` այդ երկրում բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները (պետական, հանրային կամ մասնավոր) գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո եւ հանդես են գալիս որպես իշխող ռեժիմի քարոզչության ձայն: Նրանք հետևողականորեն իշխանության օգտին ձևավորում են հանրային կարծիք:
«Նման պայմաններում, երբ չկա անկախ տպագիր մամուլ, անկախ լրատվական կայքերի մեծ մասը դատարանական և արտադատարանական միջոցներով արգելափակված են, և մյուսներն էլ գտնվում են փակման սպառնալիքի տակ, երբ կառավարության քննադատները գտնվում են բանտերում, չկա խոսքի ազատություն, ուրեմն չկան արդար և ազատ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ»,-նշվում է ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովի հայտարարության մեջ:
ԼԱԱԻ-ն ԵԱՀԿ ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտներին, Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին կոչ է արել հանդես գալ համատեղ հայտարարությամբ և գնահատական տալ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններ կատարելու վերաբերյալ հրամանագրին:
Ինստիտուտը միաժամանակ ԵԽ նախարարների խորհրդին կոչ է արել անհապաղ խորհրդակցություններ իրականացնել, կազմել և Ադրբեջանի կառավարությանը փոխանցել ԵԽ չափանիշներին համապատասխան ընտրություններ իրականացնելու համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթ:
ԼԱԱԻ-ն նաև կոչ է անում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և քաղաքական կուսակցություններին Սահմանադրական դատարանում վիճարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նախագահական հրամանագիրը :