Արտահերթ ընտրություններն առավելապես ներքին գործոններով են պայմանավորված. Աբրահամյան
Իլհամ Ալիևի` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է առավելապես ներադրբեջանական գործոններով: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Կարծում եմ՝ Ադրբեջանի նախագահի այս քայլը նախօրոք պլանավորված «տնային աշխատանք» էր, որի նպատակը հնարավորինս անցնցում հաղթահարել ընտրական այս շրջափուլը: Խնդիրը ոչ թե նրանում էր, որ Ադրբեջանում նախագահի լուրջ թեկնածուներ կային, այլ այն, որ այդ երկրում ստեղծված պայմաններում ցանկացած կայծ կարող է իրավիճակը կտրուկ սրել. Իլհամ Ալիևը փորձում է այդ կայծը շրջանցել»,- նշեց Աբրահամյանը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ այս որոշման ֆոնին որոշ կանխատեսումներին, որոնցից ոմանք Ալիևի շտապողականությունը վերագրեցին նաև շփման գծում իրավիճակը լարելու ցանկությամբ: Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ ընտրական գործընթացները, իհարկե, ազդեցություն ունենում են շփման գծում առկա իրավիճակի վրա, սակայն առաջնագծում իրավիճակը սրելու համար Ադրբեջանում միշտ էլ առիթներ կգտնեն.
«Չեմ կարծում, որ զուտ այդ պատճառով Իլհամ Ալիևը արտահերթ ընտրությունների կգնար»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, որ մեր տարածաշրջանում հնարավոր են այս ընտրական փուլի անցումից հետո, Արցախի նախագահի խորհրդականը հորդորեց չշտապել, քանզի դեռ պետք է հասկանալ, թե ով, ինչպես և ինչ գին է վճարում ընտրական այս շրջափուլում:
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Ընտրությունները կկայանան 2018 թվականի ապրիլի 11-ին:
Նշենք, որ այս որոշումը իրարանցում է առաջացրել ադրբեջանական ընդդիմության շարքերում: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումն իշխանությունը պահպանելու փորձ է։ Ըստ նրա, դրա կարիքը չկա Ադրբեջանում, իսկ պատճառն էլ այն է, որ երկրում սոցիալ–տնտեսական իրավիճակը վատթարացումն ազդում է իշխանությունների վարկանիշի անկման վրա:
Իր հերթին, Մուսավաթի նախկին առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ իշխանությունները հասկանում են, որ եթե ընտրություններն անցկացնեն հոկտեմբեին, այդ ժամանակ բնակչության դժգոհությունը սոցիալական և քաղաքական վիճակից կլինի ավելի մեծ, քան հիմա. «Ալիևը շտապում է կեղծել ընտրություններն ու երկարաձգել սեփական իշխանությունը»,- ասել է նա։