27.11.2024
Պակիստանն ամրապնդելու է ռազմական կապերը Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

Էրդողանն այցելել է Վատիկան. BBC-ին անդրադարձել է թեմային և վերհիշել ցեղասպանության խնդիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան այցի առիթով BBC-ի թուրքական ծառայությունն անդրադարձ է կատարել երկու պետությունների հարաբերություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դրանցում առաջացած ճգնաժամին:


Այսօր՝ փետրվարի 5-ին, Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի և Էրդողանի դռնփակ հանդիպումը:


BBC-ին հիշեցրել է, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որից հետո Թուրքիան Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները 10 ամիս շարունակ պահում էր դեսպանի հավատարմատարի մակարդակով:


Նշվում է, որ միայն 2016-ի փետրվարին նոր բանակցությունների արդյունքում Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան: Հոդվածի հեղինակը նաեւ հիշեցնում է, որ այդ ժամանակ Հռոմի պապի նման քայլը կոշտ քննադատության ենթարկած Էրդողանը մեղադրել էր նրան պատմական հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու համար:


«Էրդողանի քննադատությունները հետ չպահեցին Ֆրանցիսկոս պապին, որը Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս անց էլ՝ արդեն 2016 թվականի հունիսին, այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը», - նշում է հոդվածագիրը:


Լրատվամիջոցները նաեւ այս այցի հետ որոշակի հույսեր էին կապում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նշվում էր, որ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։


Հիշեցնենք, որ սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Հռոմի պապը Թուրքիա էր այցելել մի քանի տարի առաջ՝ 2014 թվականին: