ՌԴ-ն ջանքեր է գործադրում շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու համար. Զախարովա
Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը ավելացնելու ուղղությամբ: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, այս հարցը քննարկվել է 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, իսկ անցած նոյեմբերին նաև Երևան և Բաքու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այցի ժամանակ:
«Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին ակտիվորեն հանդես է գալիս շփման գծում լարվածության նվազեցման օգտին եւ ջանքեր է գործադրում հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման համար»,- նշել է Զախարովան:
Զախարովան նաև հավելել է, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն և գան կոմպրոմիսային որոշման, որը հնարավոր կդարձնի վերջ տալ ձգձգված այս հակամարտությանը: