Ռուսական «Взгляд» լրատվամիջոցն անդրադարձել է Երեւանում կլոր սեղանի ժամանակ մի խումբ գործիչների՝ Հայաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետը Ռուսաստանից ՀՀ սահմանապահների վերահսկողության տակ վերցնելու հայտարարությանը:
Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր դրսեւորումների մասին հաղորդագրություններ են հայտնվել, մասնավորապես՝ դժգոհություն է արտահայտվում, որ հայկական սահմանը վերահսկում են Ռուսաստանից սահմանապահները: Գրում է լրատվամիջոցն ու նշում, թե ինչու է Ռուսաստանը կարեւոր համարում Հայաստանում ունենալ իր զինվորներին եւ ինչ շահեր ունի Մոսկվան տարածաշրջանում:
«Բանն այն է, որ այդ հարավկովկասյան հանրապետության ցանկացած ողջամիտ բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունը նրա գոյության փաստի գլխավոր երաշխիքն է: Կարեւոր չէ հարուստ, թե աղքատ, այլ պարզապես խաղաղ գոյության»,- գրում է «Взгляд»-ը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսական եւ ժողովրդագրական գերակայությունն այնպիսին է, որ եթե երկու երկրները մնային դեմ-դիմաց, հարձակումները հետ մղելու Հայաստանի հնարավորությունները տարեցտարի կնվազեին: Բայց կա Ռուսաստանը, որը շահագրգռված է Կովկասի հարավում խաղաղության հարցում: Ե՛վ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը դիտարկվում են որպես Ռուսաստանի կենսական շահերի գոտում գտնվող երկրներ, նրանց միջեւ վեճերի կարգավորումը կարեւոր է Ռուսաստանի համար:
Հոդվածագիրը վստահ է, որ որքան սերտ լինեն երկու երկրների հարաբերությունները ՌԴ-ի հետ, այնքան խաղաղ կարգավորման հնարավորություններն ավելի շատ կլինեն:
«Մեծ հաշվով ղարաբաղյան խնդրի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն միասնական պետության կազմի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դեպքում՝ Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի փոխարեն այն կարող է անվանվել Եվրասիական միություն: Այդ ժամանակ Ղարաբաղը եւ մյուս վիճելի տարածքները կարող են կիսվել կենտրոնական, այսինքն՝ Մոսկվայի իշխանության կողմից»,- գրում է թերթը:
Բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա, իսկ մինչ այդ խաղաղության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունից բացի, կա նաեւ Հայաստանում գտնվող ռազմաբազայի գործոնը: Չնայած նրան, որ շատ է խոսվում պատմական կապերի եւ ազգերի միջեւ հին բարեկամության մասին, բայց դա չի հանդիսանում Ռուսաստանին Հայաստանում գրավող հիմնական գործոնը:
Ռուսաստանը հսկում է հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները որպես սեփական՝ Հայաստանն ասես դարձնելով Ռուսաստանի մաս: Գյումրիի ռազմաբազան անցած տարվանից անգամ այլ կերպ է կոչվում, այն այժմ երկրների կողմից ստեղծված Միացյալ զորախմբի մասն է: Այստեղ էլ կանգնած են ռուս սահմանապահները, որոնք պաշտպանում են Հայաստանը, ինչպես եւ Ռուսաստանը:
«Այսինքն՝ հարավային սահմաններին մեր շահերի պաշտպանությունը սկսվում է այնտեղ, որտեղ 30 եւ 100 տարի առաջ էր սկսվում»,- գրում է կայքը:
Լրատվամիջոցը նաեւ նշում է, որ Հայաստանը դժվար է Ռուսաստանի համար «անվանել տնտեսապես հետաքրքիր կամ առավել եւս շահավետ տարածք»: «Ռուսաստանի համար Հայաստանն ունի լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական նշանակություն»,- եզրափակում է հոդվածագիրը: