Թուրքիան ժամանակավոր հանել է Վրաստանի քաղաքացիների համար երկիր այցելելու սահմանափակումները
Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գախարիան և Սուլեյման Սոյլուն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Վրաստանի քաղաքացիների համար Թուրքիա այցելության սահմանափակումների դադարեցման մասին, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը։
«Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խորհրդակցությունները՝ կապված Թուրքիայի պետական սահմանի հատման մասին 2018 թվականի հունվարի 1-ից գործի դրված կանոնակարգումների հետ։ Մինչ դրանց ավարտը այդ կանոնակարգումները չեն տարածվի Վրաստանի քաղաքացիների վրա»,-հստակեցվում է հայտարարությունում։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև տարեսկզբին Թուրքիայի ՆԳ նախարարի ծրագրված այցը Վրաստան, որի շրջանակում կդիտարկվեն համագործակցության հարցեր, այդ թվում սահմանի հատման վերաբերյալ։
Վերջերս Թուրքիայի իշխանությունները գործի էին դրել կանոնակարգումներ, համաձայն որոնց՝ սահմանի հատումը կհամարվի Թուրքիայում գտնվելու մեկ օր, մինչդեռ նախկինում հաշվարկը սկսվել է սահմանը հատելուց մեկ լիարժեք օր անցնելուց հետո։ Բացի այդ, Թուրքիայում օրինական գտնվելը երկարացնելու համար օտարերկրացիները 90 օրը լրանալուց հետո պետք է կեցության իրավունք ստանան։