Լապշին․ Ադրբեջանի ուժայինների առեւանգած ռուսաստանցի գիտնականին փրկել է ԶԼՄ-ների աղմուկը
Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը փաստացիորեն փրկել է «կորած», բայց իրականում Ադրբեջանում գաղտնի ձերբակալված ռուսաստանցի գիտնական Դմիտրի Չուլկովի կյանքը։ Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Սեփական փորձից իմանալով, թե ինչպես են աշխատում ադրբեջանական ուժայինները, կասեմ հետեւյալը՝ այն նավթի եկամուտների եւ իշխանության համար պայքարող կլանների եւ ընտանիքների երկիր է: Սրան ավելացրած ձգձգված Ղարաբաղյան հակամարտությունն, որի հետ կապված է լրտեսությունը, տարբեր պաշտոնյաների ցանկությունը ծառայել եւ շողոքորթել ղեկավարին՝ պաշտոնի բարձրացման հույսով։ Լրատվամիջոցներից հայտնի է,որ Դիմա Չուլկովին ձերբակալել են Գյոլգյոլ լճի մոտ։ Սա լեռնային գեղեցիկ տեղ է, որը երկար ժամանակ ռազմական արգելված տարածք է համարվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատային գծի մոտիկության (10 կիլոմետրից պակաս) պատճառով։ Լրատվամիջոցները գրել են, որ նա մտել է արգելված գոտի եւ չի ենթարկվել պահակախմբին։ Լավ իմանալով ադրբեջանական ուժայիններին՝ կարող եմ ասել, որ, ըստ երեւույթին, մարդը ուղղակի զբոսնել է այդ տարածքով եւ լուսանկարել։ Հնարավոր է՝ նրան նկատել է մի զինվոր, որը, հուսալով մոտակա շաբաթվա ընթացքում արձակուրդ ստանալ, որոշել է զգոնություն ցուցաբերել եւ սկել է գոռգռալ, օգնություն կանչել։ Չուլկովն էլ շրջվել է եւ հեռու գնացել։ Մյուս զինվորները հարցրել են, թե ինչ է պատահել, օգնություն կանչող զինվորն էլ հայտարարել է թե տեսախցիկով լրտես կա։ Եվ քանի որ զբոսաշրջիկը չէր կարող փախչել, այլ ընդամենը մի փոքր հեռու գնալ, նրան բռնել են։ Ամեն ինչ շատ պարզունակ է, հավատացեք։ Այնտեղ վաղուց պրոֆեսիոնալներ չկան»,- նշել է Լապշինը։
Նա հավելել է նաեւ, որ նրանք պետք է անմիջապես կապ հաստատեին Ռուսաստանի դեսպանատան հետ, բայց չեն արել։
«Պետք է նրան թույլ տային տուն զանգահարել, չեն թույլատրել; Քաղաքացու, իսկ մասնավորապես այլ երկրի քաղաքացու իրավունքերը կոպտորեն ոտնահարվել են։ Եվ եթե չլիներ լրատվամիջոցներում բարձրացվախծ աղմուկը, տղան կարող էր հավետ անհետանալ»,-շեշտել է բլոգերը։