Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը փորձում է գաղտնի պահել երկրում ոստիկանների և ոստիկանության մեքենաների թվի մասին տեղեկությունները: Թեև ոստիկանության տարբեր պաշտոնյաներ հրապարակում են թվեր, որոնց հետ պարզ թվաբանական գործողություններ իրականացնելիս կարելի է ստանալ ոստիկանության և ոստիկանության զորքերի ընհանուր թիվը: Նույն կերպ, բաց աղբյուրներից շատ հեշտ է պարզել ոստիկանության ավտոմեքենաների քանակը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված ՀՀ ոստիկանության և ոստիկանության զորքերի անձնակազմի, ինչպես նաև ավտոմեքենաների թվի հետ:
Անձնակազմ
Ոստիկանության ծառայողների թիվը հաշվարկելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ոստիկանության պետին հարցում է հղել՝ խնդրելով հայտնել ծառայողների միջին աշխատավարձը: Համաձայն ՀՀ ԿԱ Ոստիկանության Ֆինանսաբյուջետային վարչության պետից ստացված թիվ 13/2206 գրության, 2016 թվականին ոստիկանության և ոստիկանության զորքերի ամսական միջին չհարկված («կեղտոտ») աշխատավարձը կազմում է 228.600 ՀՀ դրամ: Իսկ համաձայն թիվ 13/3807 գրության՝ բացի այդ ծառայողները տարեկան ստանում են միջինում 223.500 դրամ պարգևատրում: Այլ կերպ ասած, մեկ ոստիկանը տարեկան ստանում է մոտ 3 մլն դրամ չհարկված (կեղտոտ) եկամուտ:
Նույն 2016 թվականին ՀՀ ԿԱ Ոստիկանության պետական բյուջեից «աշխատողների աշխատավարձր և պարգևատրումներ» տողով ծախսվել է մոտ 30,9 միլիարդ ՀՀ դրամ: Այդ գումարից 10.6 միլիոն դրամը վճարվել է որպես հավելավճար քաղաքացիական հատուկ ծառայող հանդիսաող մոտ 1.100 ոստիկանների: Բաժանելով աշխատավարձային ֆոնդը ոստիկանի տարեկան միջին չհարկված աշխատավարձի ու պագևատրման վրա՝ կստանանք ոստիկանության ու ոստիկանության զորքերի ծառայողների ընդհանուր թիվը՝ մոտ 10.400 ծառայող:
Հավելենք, որ ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամից ևս աշխատավարձեր վճարվել են: Այդպես, պահպանության անվտանգության գծով իրականացվող ծառայությունների համար ծառայողներին (հիմնականում՝ ՊՊԳՎ) աշխատավարձի տեսքով վճարել է 6,3 միլիարդ դրամ, ճանապարհային ոստիկանության՝ 1,9 միլիարդ, անձնագրային՝ 270 միլիոն: Այդ գումարով աշխատավարձ են ստանում մոտ 3100 ոստիկանության աշխատակիցներ, որոնց մոտ 2.300-ը պահնորդական գործունեությամբ են զբաղված (ոստիկանության պահնորդական ծառայություններից օգտվում են բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ՝ բանկեր, խանութներ և այլն): Արդ, այդ շուրջ 3100 աշխատակիցներին (կամ դրանց մեծ մասին) դժվար է դասական իմաստով ոստիկանության ծառայող որակել (սա գնահատման հարց է):
Այս թիվը փոքր ինչ տարբերվում է անցյալ տարի Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ Հայաստանում մեկ ոստիկանին բաժին ընկնող բյուջետային հատկացումների չափի մասին հայտարարությունից: Գեներալ-մայոր Եղիազարյանը հայտարարել էր, որ 2015 թվականին մեկ ոստիկանին բաժին ընկնող բյուջետային հատկացումը 4,1 միլիոն դրամ է: 2015 թվականին Ոստիկանության ընդհանուր բյուջեն մոտ 36,3 միլիարդ դրամ էր: Ըստ այդմ, ստացվում է, որ այն ժամանակ Հայատանում կար 8.900 ոստիկան:
Կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվը տատանվում է մոտ 8.900-ից 10.400-ի միջակայքում: Ընդ որում, այդ ծառայողներից մոտ 1100-ը քաղաքացիական հատուկ ծառայողներ են: Եվ ևս մոտ 3.100 աշխատակից ոստիկանությունը ունի արտաբյուջետային միջոցների հաշվին:
Ավտոմեքենաները
Ոստիկանության ավտոպարկը հաշվարկելու համար ուսումնասիրվել է այդ կառույցի գնած ԱՊՊԱ պայմանագրերի քանակը, քանի որ գործող օրենսդրությամբ միմիայն եզակի տեսակների տրանսպորտային միջոցներ են, որ կարող են ապահովագրված չլինել:
Իսկ բոլոր գնումները (այդ թվում՝ ԱՊՊԱ պայմանագրերի), համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ պետք է լինեն բաց և թափանցիկ։ Այս սկզբունքով ոստիկանության հաշվեկշռին գտնվող մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը, որտեղ նշված են, մեքենաների քանակը, ԱՊՊԱ-ի տեսակը, հրապարակված է պետական գնումների armeps.am կայքում:
Այսպես, նախորդ 12 ամիսների ընթացքում ոստիկանությունը կնքել է 1118 ԱՊՊԱ և 41 «կասկո» պայմանագիր։ Դրանցից 13-ը եղել է մոտոցիկլետի ԱՊՊԱ։ Կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 46 միլիոն դրամ։
Ավելին, հարկ ենք համարում հավելել, որ միմիայն 2017 թվականին Ոստիկանությունը գնել է 126 միավոր տրանսպորտային միջոց։ Դրանցից 12-ը մոտոցիկլետներ, 38 ամենագնաց, 4 միկրոավտոբուս և 72 թեթև մարդատար ավտոմեքենա։ 2017 թվականի ընթացքում գնված մեքենաների գումարային արժեքը կազմել է մոտ 660 միլիոն դրամ և դրանց զգալի մասը Ճոպոնական «Toyota» մակնիշի Թուրքիայում արտադրված մեքենաներ են:
Եվս մեկ անգամ նշենք, որ ավտոմեքենաների մասին տվյալները 2017 թվականի են, իսկ անձնակազմի տվյալները՝ 2016: Բոլոր տեղեկությունները հավաքագրված են բացառապես բաց (ոչ գաղտնի) աղբյուրներից: