24.11.2024
Իսրայելցի փաստաբանն ու Յաիր Աուրոնը Հայոց ցեղասպանության խնդրով հարցում են ուղարկել ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թուրքիան սպառնում է Իսրայելին Կարմիր ծովում. The Jerusalem Post

Ռումինիայում, Եգիպտոսում և Շվեդիայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մազելը, ով աշխատում է Երուսաղեմի հասակարական խնդիրների կենտրոնում, The Jerusalem Post-ի համար վերլուծություն է գրել՝ նվիրված Թուրքիայի գլոբալ շահերին։

Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրանացած է Իրանի վրա, որը զբաղված է ոչ միայն ցույցերով, այլև պարսկական կայսրության վերածնմամբ, պարզվում է, որ «սուլթան» մականունով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես երազում է Օսմանյան կայսրության վերածննդի մասին։ Եվ քանի որ դրա համար միայն Սև ծովը քիչ է, Էրդողանը հայացքը սևեռել է Կարմիր ծովի վրա, որտեղ նա ծրագրում է ստեղծել ռազմական և հետախուզական ենթակառուցվածք։

Նա արդեն էքսպեդիցիոն կորպուս է ուղարկել Կատար, որպեսզի վերջինս օգնի իրեն Պարսից ծոցի էմիրությունների և Եգիպտոսի հետ դիմակայությունում։ Իսկ դեկտեմբերի վերջին Էրդողանն ուղևորվել էր Սուդան, որտեղ հուշագիր է ստորագրել տեղի իշխանությունների հետ, որոնք համաձայնել են Թուրքիայի տնօրինմանը հանձնել Սուակին կղզին, որպեսզի նա այնտեղ կարողանա անսահմանափակ ժամանակահատվածում շինարարություն իրականացնել։ Ըստ ամենայնի, խոսքը ռազմածովային բազայի շինարարության մասին է։ Կղզին գտնվում է Սաուդյան Արաբիայի ափերի դիմաց։ Սուակինից Ջեդդա ամեն օր նավեր են գնում։ Թուրքիան ավելի վաղ ռազմաբազա էր ձեռք բերել Սոմալիում։

Ինչպես գրում է Մազելը, այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ Անկարան զբաղված է Կարմիր ծովի ափի երկայնքով ռազմաբազների օղակի շինարարությամբ։ Սուակին կղզին, ըստ ամենայնի, կծառայի որպես դիտակետ՝ Կարմիր ծովում նավերի տեղաշարժի վերահսկման համար։

Մազելն ընդգծել է մի խորհրդանշական մանրուք. XVI դարում հենց Սուակինն է եղել օսմանյան Հաբեշ նահանգի կենտրոնը, ինչը բացատրում է կայսերական տիրույթը ձեռքն առնելու «սուլթանի» ցանկությունը։
Այդ ամենը հիացմունք չի առաջացնում Եգիպտոսի մոտ, քանի որ Թուրքիան յուրացնում է շրջանը, որն այդքան կարևոր է իր պաշտպանության համար։

Այժմ Թուրքիան միություն է կնքել նաև Կատարի հետ ընդդեմ Եգիպտոսի։ Նրանց միացել է Սուդանը, ում հետ Եգիպտոսը բազմամյա վեճ ունի Նեղոսի ջրերի անհավասար բաշխման պատճառով։ Հոդվածագրի կարծիքով՝ այդ կոնֆլիկտը միանգամայն կարող է վերաճել լայնածավալ պատերազմի։