ԼՂ հակամարտության բանակցությունների իրատեսական ճարտարապետություն չկա. ԵԱՀԿ ներկայացուցիչ
ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ սկզբունքներ է քննարկում վերջնական կարգավիճակի մասին, սակայն բանակցությունների իրատեսական ճարտարապետություն չկա: Այս մասին ԵԱՀԿ կայքին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բահլերը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա 2016 թվականի ապրիլյան բռնությունից հետո կասկածի տակ դրվեց նաեւ այն փոքր վստահությունը, որը մինչ այդ գոյություն ուներ: Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի վերջերս կայացած հանդիպումն, իհարկե, կարեւոր է եւ ինչ-որ չափով հուսադրող: Սակայն միայն նախագահների երկկողմանի հանդիպումներով անհնար է բականցային գործընթացն ավտոմատ հաստատել»,- հայտարարել է Բահլերը:
Նրա խոսքով՝ 2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը բանակցային գործընթացի մասին ոչ պաշտոնական փաստաթուղթ էր մշակել՝ բոլոր տարրերով եւ լիամասշտաբ բանակցային գործընթացի մանրամասներով: Փաստաթուղթը ներկայացվել է հաջորդ նախագահող երկրներին, եւ հնարավոր է՝ օրերից մի օր կօգտագործվի:
«Դրանից զատ, անցյալ տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ մենք բավականին շատ ժամանակ կորցրեցինք առաջին հերթին այն բանի վրա, որ մշակենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգի առաքելության ամրապնդման գաղափարը: Սանկտ Պետերբուրգում նախագահները երկկողմ համաձայնության էին հասել, բայց այն դեռեւս չի իրականացվել: Սա շատ փոքր առաքելություն է շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին: Մենք նախատեսում էինք առաքելության թիվն ավելացնել 6 մարդուց մինչեւ 13: Ավստրիայի նախագահությունը այս հայեցակարգը մշակեց, եւ վերջին շրջանում այս հարցում որոշ առաջխաղացում էր նկատվում, այս պատճառով 2018-ին հեռանկարներն ավելի իրատեսական են թվում: Միեւնույն ժամանակ, մենք նաեւ ոչ պաշտոնական փաստաթուղթ ենք կազմել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների մասին՝ վստահության ամրապնդման եւս մեկ միջոցառում, որը պետք է իրականացնել»,- հավելեց նա: