2017 թվականին ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։ Այս մասին արտաքին գործերի նախարարության տարեվերջյան միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, նախագահը նշել է, որ դա մեր անկախությունից ի վեր թերևս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումն է։ Հաշվի առնելով դա` նա խնդրել ու պահանջել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք առավել հանգամանորեն դեռ առիթ կունենան քննարկելու արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ. «Ուստի, գալիք տարի մենք կթևակոխենք թերին շտկելու, կիսատ թողածն ավարտին հասցնելու և, իհարկե, նոր, կառուցողական և ստեղծագործական գաղափարներ կյանքի կոչելու հանձնառությամբ»,- ընդգծել է նա:
Խոսելով ձեռքբերումներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ 2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։
«Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նույնպես դրական արդյունքներ է տվել, և մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում»,- ասել է հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում.
«Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ: Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- հավելել է նա: