Ավտովթար Գեղարքունիքում. պայմանագրային զինծառայող է մահացել
Հայաստանի Գեղարքունիքի մարզում այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել:
Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել է:
ՀՀ Պն մամւոլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պայմանագրային զինծառայողը առավոտյան աշխատանքի գնալիս է վթարի ենթարկվել: Նա ասաց, որ վթարի պատճառների մասին դեռ տեղեկություններ չունի: Սամվել Կարճիկյանը կոչումով ավագ-լեյտենանտ էր, մի քանի տարի է, ինչ ծառայում էր բանակում:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):