ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց արդեն ավանդական դարձած հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր Մեղրիի ազատ տնտնտեսական գոտու (ԱՏԳ) ձեւավորման աշխատանքներին:
Վարչապետը հիշեցրեց, որ դեկտեմբերի 15-ին ավարտվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձեւավորման աշխատանքների առաջին փուլը եւ տրվեց ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը: Միաժամանակ, նրա խոսքով, անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:
Ըստ այդմ նա հանձնարարեց. «Տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին, պետական երկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ երկու ամսյա ժամկետում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ԱՏԳ-ի ձեւավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ», - ասաց վարչապետը:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։
Կարեպատյանը նաեւ հանձնարարեց արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարներին շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ԱՏԳ-ի առավելությունների, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաեւ տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:
Մյուս կողմից, նա նաեւ հանձնարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կառավարության աշխատակազմ:
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: