VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս տարի վերջին անգամ, որպես երկրի նախագահ, ամանորյա ուղերձով կդիմի հայ ժողովրդին: Ո՞ւմ է վերապահված այդ առաքելությունը 2018-ից հետո` ՀՀ վարչապետի՞ն, թե՞ ՀՀ նախագահին: Բանն այն է, որ պառլամենտական երկրներում նախագահն է դիմում ժողովրդին. ո՞վ կլինի՝ Գագիկ Հարությունյա՞նը, Էդվարդ Նալբանդյա՞նը կամ Արկադի Ղուկասյա՞նը (նրանց անուններն են շրջանառվում՝ որպես թեկնածուներ) կդիմեն ժողովրդին, թե՞ մի այլ «չորրորդը»` վարչապետը,- հարցրինք սահմանադրության «հայր» Հրայր Թովմասյանին: «Կդժվարանամ ասել. խնդիրն իրավական կարգավորման ենթակա չէ։ Ի դեպ, այսօր էլ սահմանված չէ, որ հանրապետության նախագահն է ուղերձով դիմում ժողովրդին»: Բա ո՞նց է լինելու: «Աշխարհի վերջը չէ. հիմա էլ հա՛մ հանրապետության նախագահն է ուղերձ հղում, հա՛մ ԱԺ նախագահը, հա՛մ վարչապետը»: Է՜, պարոն Թովմասյան, «ուժեղ» ուղերձն ամենավերջին վայրկյանին հղում էր պետության գլուխը։ Ի դեպ, հիմա, երբ նախագահը որևէ տեղ է գնում, փողոցները փակում են, որ Գագիկ Հարությունյանը նախագահ դառնա, տեղ գնա, պետք է փողոցները փակե՞ն, թե՞ վարչապետի համար են փողոցները փակվելու: «Արարողակարգային հարցերից յուրաքանչյուրի դեպքում համապատասխան ծառայություններ ապահովող մարմինների կողմից առանձին որոշումներ են կայացվում` ինչպես վարվել»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում։ Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու, այսօր ավարտվում է արտահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան։ Խնդիրն այն է, որ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ նախագահի ընտրությունից անմիջապես հետո մեխանիկորեն հրաժարական կներկայացնի կառավարությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն: ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, նրան այդպես էր տրամադրվել, քանի որ նախագիծը քննարկվել էր նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է:
Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ: Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած ու դեռ ավելի վաղ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի միջեւ սուր հակասություն կա: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ օպոնենտներ են եղել: Եվ Դ. Հարությունյանը առիթը բաց չթողեց ու որպես մասնագետ՝ նրան «փուռը տվեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն հարցերի լուծման վրա: Դեռ դեկտեմբերի 12-ին նա դիմել էր քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու պահանջով` միաժամանակ քննության առնելով այդ գործում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Օրերս էլ նա դիմել էր բնակչության անվտանգությունն ապահովելու մասով՝ կապված գիշերային ակումբների աշխատանքային ժամերը կանոնակարգելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազը պնդել է, թե մինչեւ հիմա դեռ քաղաքապետը չի պատասխանել իր նամակներին: «Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք»,- ոլորտի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մասին ասել է դատախազը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին եւ խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին: Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետեւել են «Ելք»-ի պատգամավորներին եւ նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաեւ լքել են նիստերի դահլիճը: Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության եւ սխալ քվեարկության մեջ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 15–ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Ռուբեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Նորանշանակ Գրիգորյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 200 հազար ամերիկյան դոլար: Դրամական միջոցներն էլ հետեւյալ պատկերն են ունեցել՝ 22 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո: Տարեսկզբից մինչ նոյեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում Գրիգորյանն ունեցել է 8 միլիոն 215 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոնը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածը՝ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ամփոփելով անցնող տարին՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարեւոր իրադարձություն հիշատակեց միության 85-ամյա հոբելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբեւէ չտեսնված մեծ փառատոն, որը բաղկացած էր ավելի քան 10 համերգներից՝ մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարեւորն այն է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել եւ լսրանին հասցնել իրենց աշխատանքը»:
Նրա խոսքով՝ ինչպես եւ ակնկալվում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից. այս տարի շատ կոմպոզիտորներ պարգեւատրվեցին: Մինչ պարոն Սաթյանը թվարկում էր այս կամ այն պարգեւատրման արժանացած կոլեգայի անունը, - «168 ժամ»-ը հիշեցրեց՝ ինքը եւս պարգեւատրվողների շարքերում է՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով. «Ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին՝ կտա՞ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշխատանքով»: Պարոն Սաթյանը մտահոգություն ունի՝ մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն՝ բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» եւ կարող է նաեւ ստանալ այդ մրցանակը»:
Խոսելով Դիլիջանի ստեղծագործական տան մասին՝ բանախոսն ասաց՝ աշխատանքներ տարվում են եւ դեռ պետք է շարունակել. «Հինգ տարով մասնավոր անձերի հետ պայմանագիր կնքեցինք, որն անպայման պետք էր անել, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը չփլուզվի: Թվով հինգ քոթեջ վերանորոգվել է, առաջիկայում նախատեսվում է վերանորոգել եւս երեքը: Շնորհիվ այս համագործակցության, Կոմպոզիտորների միության անդամները տարվա ընթացքում երկու ամիս՝ գարնանն ու աշնանը կարող են անվճար հիմունքներով իրենց հանգիստը կազմակերպել այնտեղ: Պայմանագրի համաձայն՝ վերանորոգող կողմը ստանում է քոթեջների վարձակալությունից գոյացած եկամտի մեծ մասը: Յուրաքանչյուր քոթեջի համար վերանորոգող կողմը Կոմպոզիտորների միությանն է փոխանցում ամսական 50.000 դրամ, մնացյալ եկամուտը մնում է իրեն: Սա օգտակար համագործակցություն է թե՛ Կոմպոզիտորների միության, թե՛ Դիլիջանի ստեղծագործական տան պահպանման, թե՛ մյուս կողմի համար»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետեւյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ եւ ԵՄ-ն, եւ ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արեւմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի այն դիտարկմանը, թե ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ինտենսիվությունն ու արագությունը կախված է հայկական կողմից: Վերջինիս խոսքով, ՌԴ-ԱՄՆ առճակատման պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը։ Այստեղ էին Տիգրան Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետն է, Գոհար Արաբաջյանը՝ այժմ սպասարկման թիվ 20 բաժնի պետն է, Էդիկ Գսպոյանը՝ այժմ խոշոր եւ միջին հարկ վճարողների տեսչության բաժնի պետն է։ Փաստորեն, առանցքային վարչության պետերը Խաչատրյանի կադրերն են, չհաշված այն տասնյակ պետերն ու տեսուչները, որոնք սերում են Մաշտոցից եւ որոնք քավոր-սանիկության, հաշվարկով ամուսնությունների շնորհիվ թիմի մաս են կազմել։ Խաչատրյանը հեռացավ, բայց մեծ խաչատրյանական թիմը հաղթեց միջկլանային պատերազմում»: