ԵԽ նախարարների կոմիտեն նախադեպը չունեցող դատական քննություն է հարուցել Ադրբեջանի նկատմամբ
Դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ:
«Նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»,- հավելեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Նշենք, որ հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ էր արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները: