ՀՀ-ի հետ համաձայնագիրը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն թշնամական կառույցներ չեն. Էնգել
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Բրյուսելում ստորագրված նոր գործընկերային համաձայնագրի գոյությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, գրում է NEWS.am-ը
Հարցին՝արդյոք նոր գործարքը Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում կարեւոր փոփոխություններ կառաջացնի, Էնգելը նշել է, որ համաձայնագիրը հաստատում է երկու կողմերի ցանկությունը կառուցողական եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: «Դա նաեւ ընդգծում է Հայաստանի եվրոպական աշխարհայացքը, որը չպետք է միայն ռուսական միությունների ցանցի մաս լինի: Համաձայնագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել», - ասել է նա:
Խոսելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին ` Էնգելը այն ԵՄ եւ նրա անդամների միջեւ որպես գործընկերություն է բնութագրել, ինչպես նաեւ վեց արեւելաեվրոպական պետությունններ, որոնք մեկ մայրցամաքի եւ մեկ քաղաքակրթության են պատկանում:
«Սակայն չեմ կարծում, որ ԵՄ-ն այժմ պետք է հետագա ընդլայնման հնարավորությունը քննարկի: Սա չի նշանակում, որ դա ապագայում բացառվելու է: Միայն գործողություններին ավելի պատրաստ Եվրամիությունը, դա նաեւ արտաքին հարցերին է վերաբերում, կկարողանա ընդունել նոր անդամների», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաաժողովի շրջանակներում: