25.11.2024
ՀՀ-ԵՄ համագործակցության առումով Պուտինից երբեւէ կշտամբանք չեմ լսել. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԵԺԿ-ն աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. ՀՀ-ն հռչակագրին միացել է վերապահումով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:


Այս մասին ասվում է նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում: Տեքստի լուսանկարները Facebook-ի իր էջում հարապարակել է հայկական պատվիրակության կազմում Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովների ընթացքում»,- ասվում է ընդունված հռչակագրում:


Հռչակագրում ԵԺԿ-ն նաեւ աջակցություն է հայտնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման դիալոգի մեկնարկին:


Ինչպես հայտնում է «Արմենպրեսը» գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով:


Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:


Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին եւ հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ եւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարեւորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաեւ եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարեւորագույն հարթակներից մեկը: