ՌԴ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Լավրով
Ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընացի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չի տուժել: Այսօր այս մասին Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Վերջինս երեկ պաշտոնական այցով մեկնել էր Բաքու։ Նրա այցը նվիրված է Ադրբեջանի և Ռուսատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, համագործակցությունը միջազգային ասպարեզում, գլխավորը, սակայն, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն են։ Այսօր ՌԴ արտգործնախարարը ժամանում է Երևան:
ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում ասել է նաև, թե Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։ «Համանախագահները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցելում են տարածաշրջան։ Հուսով եմ, որ նախագահների անցած ամիս կայացած հանդիպումը կնպաստի առաջխաղացմանը հակամարտության կարգավորման հարցում»,- նաև ասել է Լավրովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն էլ երեկ Լավրովն ասել էր․ «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն և առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Այսօր Բաքվի դիվանագիտական ակադեմիայում պատասխանելով ԵԱՏՄ-ին Ադրեբջանի հնարավոր անդամակցության մասին հարցին, ՌԴ արտգործանախարարն ասել է, թե Ռուսաստանին կուրախացնի այդ անդամակցությունը, միաժամանակ հավելելով՝ Մոսկվան ոչ մի երկրի չի պարտադրում՝ անդամակցել այդ միությանը: