ՌԴ-ն հետաքրքրված է ապահովել առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Լավրով
Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հետաքրքրված ենք հնարավորինս աջակցել փնտրել լուծումներ և ապահովել առաջընթաց դեպի ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Անհրաժեշտ է ձեռնարկել ակտիվ ջանքեր այդ ուղղությամբ»,- նշել է Լավրովը:
Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է հակամարտության արագ կարգավորմամբ. «Վստահ եմ, որ այցը կարևոր կլինի մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,- հավելել է նա:
Ավեի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ադրբեջան և Հայաստան: Մասնավորապես, վաղը Երևանում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Վերջին շրջանում ղարաբաղյան գործընթացի շուրջ բանակցություններն ակտիվացել են։ Հոկտեմբերին Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, նոյեմբերին ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկեց և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի նախագահի հետ։ Դեկտեմբերին Վիեննայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Ի դեպ Մամեդյարովը Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն պահանջում է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան։