24.11.2024
Ադրբեջանում դարձյալ երկրաշարժ է եղել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը՝ Դաեշ-ին, ֆինանսավորելու, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեջ:


Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի հարցում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Անկարայում ուրբաթ օրն իր ելույթի ընթացքում Էրդողանը բացահայտ կերպով հարցականի տակ է առել Սիրիայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը: «Ինչու է Միացյալ Նահանգները ներգրավվում իր երկրից 12 հազար կմ հեռավորությամբ գտնվող պետության ներքին խնդիրներին: Տարածաշրջանում շատերն են տալիս այս հարցը, մենք՝ նույնպես», - հայտարարել է Էրդողանը:


Էրդողանը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ իր խոստումներն ու պարտավորությունները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները փակուղի մտան, երբ ԱՄՆ-ը սկսեց աջակցել ու զինել Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Դաեշ-ի դեմ պայքարում:


Պաշտոնական Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Թուրքիայում տեղի ունեցող խժդժությունների, ինչպես նաև՝ Դաեշ-ին ԱՄՆ-ից մեծ գումարներ փոխանցելու համար:


«Դաեշ խմբավորմանը զինում են նրանք, ովքեր պնդում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ», - հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն խոչընդոտել է Դաեշ-ի դեմ իրականացվող հատուկ գործողությունները: Էրդողանը նաև նշել է, որ նրանք, ովքեր ստեղծել են այդ անողոք ահաբեկչական խմբավորումը, նաև ստեղծել են Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությունը» (PYD):


Նշենք, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները բազմիցս են մեղադրել Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու համար: Նմանատիպ դավադրությունների տեսությունները սկիզբ առան հատկապես շրջանառվող այն լուրերից հետո, ըստ որոնց, Սիրիայի քրդական զինյալներն ու ԱՄՆ-ի զինված ուժերը թույլատրել են Դաեշ-ի հարյուրավոր զինյալների ու նրանց ընտանիքների անդամներին լքել շրջափակված սիրիական Ռաքքա քաղաքը:


Միջազգային հարաբերությունների դասախոս Հուսեյն Բաբչին տեղեկացնում է, որ Վաշինգտոնի հանդեպ Անկարայի որդեգրած այս կոշտ դիրքորոշումն, անհետևանք չի մնա:


ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները առաջիկայում կարող են է՛լ ավելի սրվել՝ հաշվի առնելով Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող Էֆրին անկլավից Սիրիայի քրդական զինված ուժերի անհապաղ դուրս բերելու մասին Էրդողանի կոչը:


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը բազմիցս է զգուշացրել Էֆրինի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին:


Վերլուծաբանների կարծիքով, Էֆրինում ռազմական գործողություններ իրականացնելուց առաջ Էրդողանին հարկավոր կլինի ստանալ Մոսկվայի համաձայնությունը՝ հաշվի առնելով այնտեղ գտնվող ռուսական զորամիավորումների ներկայությունը: Այս համատեքստում, Էրդողանը նաև նշել է, որ այս շաբաթ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:


Հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովին Էրդողանը, Պուտինն ու Իրանի նախագահը պատրաստվում են քննարկել Սիրիայի իրավիճակը: Նշենք, որ Անկարայի, Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են դեռ անցյալ տարվանից, ինչը ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:


Էրդողանը ուրբաթ օրը նաև հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը չեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինվորականների կողմից հնչեցված վիրավորանքների պատճառով: Էրդողանը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը կկազմալուծվի, եթե այս վերաբերմունքը չվերանա: