25.11.2024
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ կա Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում. թղթափանակը բավականին մեծ է

Նկարում ձախից՝ աջ. Սերժ Սարգսյան, Վիգեն Սարգսյան եւ Դոնալդ Ռամսֆելդ
Նկարում ձախից՝ աջ. Սերժ Սարգսյան, Վիգեն Սարգսյան եւ Դոնալդ Ռամսֆելդ

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում ներկայացնում է, թե ինչ է գրված Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում:


Նրա գրառման մեջ ասված է. «2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։


2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդն այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։ Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու»։


Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնատարները 2001 թ-ին ողջունեցին «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւի կասեցման մասին որոշման մեջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ Սենատի համաձայնեցման հանձնախմբի կատարած փոփոխությունները, որոնց համաձայն Ադրբեջանին հատկացվող որեւէ օգնություն չի կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ եւ 9Օ7 բանաձեւի կոնգրեսական որեւէ վերանայում պետք է հաշվի առնի նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում:


1992 թվականից գործող այդ բանաձեւը արգելում էր ամերիկյան կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը: Նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձեւը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հակաահաբեկչական պատերազմում: Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը ընդունել էր 907 բանաձեւի լրամշակում, ըստ որի այն կասեցվում էր՝ որոշակի պայմաններով:


Այդ ժամանակ Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում մտահոգություն էր առաջացել, թե Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ: Սակայն այդ տարիներին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «մենք մեզ ապահովագրել ենք» «ցանկացած օգնություն, որ Ադրբեջանը ստանում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով... չի կարող խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը... եւ չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ», - ասել էր Վարդան Օսկայանը:


Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին, նշում է Սուրեն Սարգսյանը, քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք։


«Բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները, հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Երբ Ռամսֆելդի հետ խոսում էինք Հայաստանից, ասում է «Ձեզ մոտ փաստորեն ինչքան Սարգսյան եմ հանդիպել, բոլորը լուրջ կարիերա են արել։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը, նրա օգնականը, ռազմական կցորդը։»


Ի դեպ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։ Դրա մասին Հայաստանում 4-5 հոգի գիտեն, իսկ Պենտագոնի թղթափանակը բավականին մեծ է», - ասված է Սարգսյանի գրառման մեջ։


Ինչ վերաբերում է 907 բանաձեւի շուրջ առաջացած հարցերին, ապա նույն Սուրեն Սարգսյանը մի քանի ամսի առաջ ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ ԱՄՆ-ն թեպետ կարևոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության գոտում ու կոնֆլիկտի կողմերից պաշտոնապես զենք չի վաճառում, սակայն դա իրականացվում է Իսրայելի միջոցով:


«ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում Իսրայելի միջոցով: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փախանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ զենքի գործարքներ են իրականացնում»,- ասաց Սարգսյանը:


«Բացի այդ ԱՄՆ-ն ամեն տարի Ադրբեջանին ևս ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ Կոնգրեսին հղած նախագահի նամակով շրջանցելով 907 բանաձևը: Այդ աջակցությունը զենքի տեսքով չէ, այլ ադրբեջանական սպաները ռազմական կրթություն են ստանում ԱՄՆ ուսումնական հաստատություններում: Սա իրակակացվում է մի պայմանով, որ նրանք այդ հմտությունները չեն կիրառելու հակամարտության գոտում: Սակայն պետք է այստեղ հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ Թալիշի ուղղության վրա հայկական ուժերը ոչնչացրել էին երկու ադրբեջանցի հատուկ ջոկոտայինների, որոնք հետո պարզվեց , որ ռազմական կրթություն էին ստացել հենց ԱՄՆ-ում», - հիշեցրեց Սարգսյանը:


Սուրեն Սարգսյանը «Ռամսֆելդ Ֆելոուշիփ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում է եւ ուսումնասիրում է այդ երկրի պետական արխիվային փաստաթղթերը եւ ԱՄՆ նախկին նախագահների անձնական արխիվները։ Ուսումնասիրության շրջանակը հայ-ամերիկյան հարաբերություններն են՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ, փակ քննարկումներ, ներքին խոսակցություններ, բանակցություններ եւ այլն։


Արդյունքներն ամփոփվելու են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մասին գիտական հետազոտության տեսքով: