6,4 մլն այցելու, 3 մլն տուրիստ. Վրաստանը շուրջ 2 անգամ գերազանցում է ՀՀ-ին զբոսաշրջությամբ
Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 6,4 մլն միջազգային այցելուի 2017 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի զբոսշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն: Հայաստանի դեպքում թվերն ավելի քան երկու անգամ զիջում են:
Այս մասին հայտնում է aliq.ge-ն հղում կատարելով Agenda.ge-ին, ըստ գործակալության ղեկավարի՝ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Վրաստանի այցելուների քանակն աճել է ավելի քան 1 մլն-ով (18%):
Այցելուների ավելի քան 3 մլն-ը Վրաստանում մնացել է 24 ժամից ավելի: Ըստ երկրների՝ Վրաստան մուտք գործած այցելուների քանակով առաջին հնգյակում են․
Ադրբեջան – 10,8 տոկոս աճ
Հայաստան – 15.8 տոկոս աճ
Ռուսաստան – 33.3 տոկոս աճ
Թուրքիա – 4.1 տոկոս աճ
Իրան – 122.8 տոկոս աճ
Ինչպես հայտնում է jnews.ge-ն, միայն ընթացիկ տարվա հոկտեմբերին Վրաստան է այցելել մոտ 608 000 այցելու, ինչը 15.2% -ով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Դրանցից ավելի քան 259 հազարը զբոսաշրջիկ է եղել (+ 19,9%):
Օտարերկրյա զբոսաշրջությունից ստացած եկամուտները, 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն կազմում է 1,1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 225 մլն դոլարով, այսինքն՝ 26% -ով:
Հայաստանի պարագայում թվերն ավելի քան երկու անգամ զիջում են Վրաստանի ցուցանիշներին: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2017 թ-ի ինն ամիսների (Վրաստանի պարագայում ներկայացված է 10 ամսվա վիճակագրությունը) ընթացքում երկիրը հյուրընկալել է ավելի քան 2,5 մլն այցելուի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այցելուների թիվն աճել է շուրջ 450 հազարով կամ 21%-ով:
Այցելուների քանակի շուրջ 1,17 մլնը Հայաստան ներգնա այց կատարած զբոսաշրիկներն են, որոնք երկրում մնացել են 24 ժամից ավելի: Նախորդ տավրա ինն ամիսների ցուցանիշի հետ համեմատած աճը կազմում է 203 հազար կամ 21 տոկոս: