ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգ. անդամ երկրների վարչապետերը համաձայնագիր են ստորագրել
ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարները Տաշքենդում ստորագրել են ահաբեկչության եւ այլ ծայրահեղական դրսեւորումների ու դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համաձայնագիր:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, ստորագրվել է նաեւ համաձայնագիր՝ ուղղված 2018 թ-ին ԱՊՀ շրջանակում միավորված ՀՕՊ համակարգի ստեղծմանն ու զարգացմանը ֆինանսավորում հատկացնելու համար: Նրանք նաեւ պայմանավորվել են ապահովել ԱՊՀ պետություններիպաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի գործունեության շարունակականությունը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարն ԱՊՀ-ի համար մնում է առաջնահերթություն: «ԱՊՀ անդամ պետություններն այդ ոլորտում փոխանակվում են տեղեկատվությամբ, իսկ կոմպետենտ կառույցները, իհարկե, պետք է միմյանց աջակցություն ցուցաբերեն», - ասել է նա՝ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում:
Նշվում է, որ Տաշքենդում ԱՊՀ երկրների վարչապետերն ստորագրել են ավելի քան 10 փաստաթղթեր: Նրանք նաեւ ընդունել են գլոբալ կարտելների դեմ պայքարի հարցում միջազգային հանրության ջանքերի համատեղման կարեւորության մասին հայտարարություն:
«Մենք միջազգային կարտելների գործունեության մեջ տեսնում ենք վտանգ մեր տնտեսությունների, ավելի ճիշտ այն արտադրությունների համար, որոնք իրականացվում են ԱՊՀ պետություններում, օրինակ՝ դեղագործություն, սննդամքերքների որոշ տեսակներ, ինչպես նաեւ ավտոմասեր», - ասել է Մեդվեդեւը: