Հայաստանի եւ Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է. ԱՄՆ կոնգրեսական
Հայաստանի եւ Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել են վերջերս Հայաստան այցելած կոնգրեսականներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Երեւանն արդեն ժամանակակից քաղաք է, տպավորիչ էր նաեւ Ստեփանակերտը»,- նշել են նրանք:
Կոնգրեսական Փալոնն ընդգծեց, որ մեր օրերի Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն բարեկամն է այլեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արժեքավոր գործնկերը: Դիմելով ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ֆրենք Փալոնը կոչ արեց աջակցել Հայաստանին. «Սփյուռքի հայեր, խնդրում եմ, շարունակեք աջակցությունը, կանգ մի առեք։ Ձեր աջակցությունը Հայաստանին իրոք կարեւոր եւ արդյունավետ է»:
Ի դեպ, հայ-ամերիկյան բարեկամությունն ավելի ամրապնդելու նպատակով կոնգրեսականները Միացյալ Նահանգներ են հրավիրել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների: Կոնգրեսական Փալոնի խոսքով, հայ խորհրդարանականների այցն ԱՄՆ տեղի կունենա արդեն գարնանը: