Մեդվեդեւը ժամանեց Երեւան եւ ուղեւորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Մեդվեդեւին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը, Էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղեւորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետեւ ՀՀ կառավարությունում կկայանա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նախատեսվում է միջկառավարական, միչգերատեսչական եւ միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում:
Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաեւ ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երեւանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը: