Թբիլիսիի սաքրեբուլոյում տեղերի մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանքը»
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Թբիլիսիի սաքրեբուլոյի (քաղխորհրդի) ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն պատգամավորներ կդառնան 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Սաքրեբուլոյի ընտրություններն անցկացվում են խառը ընտրակարգով՝ 25 պատգամավոր ընտրվում է համամասնական ցուցակներով, 25՝ մեծամասնական համակարգով:
Վրաստանի ԿԸՀ-ն մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով Թբիլիսիի բոլոր 737 ընտրատեղամասերի ձայների հաշվարկն ավարտել է: Սաքրեբուլո են անցնում ձայների 4 տոկոսից ավելին ստացած կուսակցությունների ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով՝ ընտրողների 53,01 տոկոսը քվեարկել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին՝ ավելի քան 205 հազար մարդ:
«Միացյալ ազգային շարժում» դաշինքը ստացել է ձայների 17,66 տոկոսը, «Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքը՝ 9,19 տոկոս ձայն, իսկ «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանս» դաշինքը՝ 5,62 տոկոս ձայն:
Փաստացի ավարտվել է նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ձայների հաշվարկը: 737 ընտրատեղամասերից միայն երկուսի տվյալները չեն ստացվել: Օրենքի համաձայն՝ միամանդատ ընտրատարածքներում հաղթում է նա, ով ավելի շատ ձայներ է ստանում: Այսպիսով, սաքրեբուլոյում բոլոր 25 տեղերը բաժին կհասնեն «Վրացական երազանքի» թեկնածուներին:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի քաղաքացիները սաքրեբուլոյի (համայնքային օրենսդիր մարմիններ) 64 պատգամավորի են ընտրել, ինչպես նաեւ 64 քաղաքների եւ շրջանների ղեկավարների: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 1-ից ոչ ուշ: Մի քանի քաղաքապետերի ընտրության երկրորդ փուլի անցկացման վերջնական ժամկետն է նոյեմբերի 15-ը: