Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած համատեղ քննարկումների շրջանակում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիին ներկայացրել է միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հայկական կողմի ջանքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի շրջանակում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ցավոք, Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ հայ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել: