Կարո Փայլանը զայրացել է. Երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է պետության կողմից Ստամբուլի հայկական համայնքից հայկական հիմնադրամների նախագահների ընտրության իրավունքը խլելու հարցը: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով «Ակօս»-ին:
Փայլանի դժգոհությանն առաջինն արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը:
«5 տարի առաջ մեր հիմնադրամներին զրկեցիք անհատական ընտրության հնարավորությունից, 9 տարի էլ պատրիարք չենք կարողանում ընտրել»,- ասել է Փայլանը, ինչին ի պատասխան ֆինանսների նախարարը միջամտել է. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունն է, ինձ ասեք՝ ես խոսեմ»:
Փայլանը նաև հիշեցրել է Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած և ստամբուլահայ համայնքի վերահսկողությունից դուրս գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիների մասին և մեղադրել պետությանը դրանց տեր չկանգնելու համար:
«Անատոլիայում շուրջ 6.000 եկեղեցի կար, հիմա մնացել է 80-90-ը (նկատի ունի չավերված լինելը): Այդ 6.000-ի մեծ մասն ավերված վիճակում է, հիմքերը կամ կան, կամ էլ ոչնչացման եզրին են: Այս 6.000 եկեղեցիներից մոտ 4.000-ն անհատ անձանց ձեռքում է հիմա: Այսինքն՝ դաշտի մեջտեղում մի հայկական կամ հունական եկեղեցի է մնացել, պետությունը գալիս է, ասում է՝ «Այս հողատարածքը քոնն է», - նշել է Փայլանը՝ հիշեցնելով, որ եկեղեցիները հաճախ անգամ վաճառքի են հանվում այդ անհատ անձանց կողմից:
«Տեսեք, «Վաճառվում է եկեղեցի» բովանդակությամբ հայտարարություններ են տեղադրվում համացանցում: Դուք երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն», - պնդել է հայազգի պատգամավորը: