ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության գալ. Հայաստանում կասկած չպետք է լինի - Սիդորով
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը:
Գեներալ-գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 7-ին ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում-2017» համատեղ երկօրյա վարժանքերը, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողություններ:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա համաձայն կազմակերպության կանոնադրության և այլ նորմատիվային-իրավական փաստաթղթերի, կազմակերպության զորքերը նախատեսված են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Դա տեղի է ունենում տվյալ պետության դիմումի հիման վրա, և որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:
Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իրական օգնության կարիք ունենա, ապա հավաքական ուժի զորքերը պատրաստ կլինեն գալ ու օգնություն ցուցաբերել՝ կազմակերության կանոնադրության սահմանած կարգի համաձայն: Եվ Հայաստանում այս առումով չպետք է կասկած լինի: ՀԱՊԿ-ը ունի ավելի քան 20 հազար բարձրակարգ զինծառայողներ, ովքեր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են: Կան լեռնահրաձգային, դեսանտագրոհային, օդադեսանտային ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են լուծել ցանկացած խնդիր»,- հայտարարել է Սիդորովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ազատություն ռադիոկայանին հղումով: