Ղարաբաղյան հակամարտությունը քրիստոնյաների և մահմեդականների միջև չէ: Այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա խոսել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների վերջերս կայացած հանդիպման մասին եւ ասել, որ ամեն մի հանդիպում՝ մեկ քայլ է դեպի ԼՂ հակամարտության կարգավորու, գրում է «Интерфакс-Азербайджан»-ը:
«Չնայած որոշ շրջանակների կողմից ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու փորձերին, հակամարտող կողմերի կրոնական առաջնորդները՝ նստելով բանակցային սեղանի շուրջ, կարողացան որոշ չափով կանխել այն կարծիքի տարածումը, թե հակամարտությունը քրիստոնյաների և մահմեդականների միջև է», - հայտարարել է Փաշազադեն՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում:
«Մենք միշտ հայտարարում ենք, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդները կողք կողքի են ապրելու: Հետևաբար, չկա այլ հեռանկար, քան խաղաղությունն ու համագործակցությունը: Նման հանգամանքներում, որպես կրոնական առաջնորդներ՝ հանուն մեր ժողովուրդների ապագայի, պատասխանատու ենք համատեղ պատասխանների որոնման համար, մենք պետք է միավորենք հակասությունները վերացնելու և հակամարտությունը խաղաղ և արդար ճանապարհով լուծելու մեր ջանքերը», - ընդգծել է Փաշազադեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված էր, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ:
«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա»,- ասվում է եռակողմ հայտարարության մեջ։
Ուշագրավ է, որ հենց ադրբեջանական կողմը, մասնավորապես Իլհամ Ալիևն է բազմիցս հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի կրոնական բնույթ: Ալիևի խոսքով, հայկական կողմի գործողություններն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի դեմ, այլև իսլամական արժեքների դեմ: Այս ամենի ֆոնին Ալիևն անգամ զարմանում էր, թե ինչպես է Հայաստանը փորձում կարգավորել հարաբերությունները մուսուլմանական որոշ երկրների հետ: