ԱՄՆ-ն ջանալու է մոտեցնել ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները. դեսպան
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Միացյալ Նահանգները շարունակելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունը` կողմերի դիրքորոշումների մոտեցման միջոցով, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամերիկացի դիվանագետի խոսքով, ԱՄՆ գործունեության հիմնական ուղղություններից մեկը բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը և նրանց իրավիճակի դրական փոփոխությունն է:
«ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանի իշխանությունների հետ ջանքեր է գործադրելու բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները նման ծրագրերի իրականացման համար հատկացրել են 115 միլիոն դոլար», - ասել է դիվանագետը:
Ավեի վաղ հայտնի էր դարձել, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երեւան եւ Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաեւ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:
ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: