VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթեւիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանը, ծանոթանալով Տաթեւիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումին, որոշել է, որ գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։ Տաթեւիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումն ընդունվել է վարույթ, եւ հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 1-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում: Մեզ չհաջողվեց պարզել, թե Տաթեւիկ Գրիգորյանն ինչ կապ է ունեցել եկեղեցու հետ եւ որքան է կազմում նրա գումարային պահանջը»:
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան Շրջանայինի հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, բեռնատարի վարորդը մահացել էր: Բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որի պարկերը հայտնվել էին գետնին: Lragir.am-ը նկատել էր եւ տեսագրել, որ մի կին վերցրել ու տանում էր պարկերից մեկը, ասելով՝ «մեկ ա, սաղ տանում են»: Մեկնաբանություններ՝ «էս ո՞ւր են հասցրել խեղճ ժողովրդին», «բա մարդիկ մի պարկ մակարոնի են կարոտ», «իշխանավորները վատ օրինակ են ծառայում՝ նրանք գողանում են, ժողովուրդն էլ է գողանում»:
Անդրադառնանք այդ «հոգոցներին» հերթականությամբ: 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ վիշտն ու ողբերգությունը հազարապատիկ ավելի մեծ էին, մարդիկ` Խորհրդային Հայաստանի բնակիչները, դիակապտությամբ չէի՞ն զբաղվում, չէի՞ն մտնում ավերված տները եւ տանում այն, ինչ արժեքավոր էին համարում: Ի՞նչ է` այդ մարդիկ սովա՞ծ էին: Կամ 2005 թվականին, երբ «Քեթրին» մրրիկը ավերել էր Նոր Օռլեանը, չկայի՞ն ավազակախմբեր, որոնք նույնն էին անում: Թե՞ ամերիկացիներն էլ են «մի կտոր հացի կարոտ» կամ, ավազակությամբ զբաղվելով, իրենց յուրահատուկ բողոքն էին արտահայտում Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության դեմ:
Գուցե ավազակները մտնում էին լքված բնակելի շենքերը, խանութներն ու հիվանդանոցներն այն պատճառով, որ Բուշի վարչակազմը նրանց վատ օրինա՞կ էր ծառայում: Այնպես որ, հասարակության բարոյականության մակարդակը պայմանավորված չէ նյութական վիճակով, «ռեժիմով», իշխանություններով եւ մնացած բաներով: Հայաստանում կան հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ, որոնք տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի վատ են ապրում, քան մակարոնի պարկ տանող կինը, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում գետնից մի փշուր վերցնել եւ գրպանը դնել:
Կարելի է ապրել խրճիթում ու լինել կայացած ու երջանիկ, կարելի է նաեւ ապրել երեքհարկանի առանձնատանը եւ նախանձել դիմացի չորսհարկանի առանձնատուն ունեցող հարեւանին՝ արդարացնելով սեփական հանցագործությունները դիմացինի ավելի մեծ հանցագործություններով: Մարդիկ ամեն տեղ գրեթե նույնն են՝ ամեն տեղ կան արժանապատիվ, պարկեշտ մարդիկ, կան նաեւ դիակապտությամբ զբաղվողներ: Ասում եմ՝ «գրեթե», որովհետեւ ենթադրում եմ, որ Ճապոնիայում, օրինակ, աղետի ժամանակ մարդիկ իրենց այնպես չեն դրսեւորում, ինչպես Հայաստանում կամ ԱՄՆ-ում (գուցե սխալվում եմ): Բայց հասարակություններն ունեն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկությունները: Մեր հասարակությունը սիրում է, այսպես ասած, «գլխին մոխիր» լցնել եւ ամեն մի տգեղ արարք բացատրել «ռեժիմով», իշխանություններով, աշխարհագրական դիրքով եւ հայ ժողովրդի դժբախտ ճակատագրով: Ամերիկացիները դժվար թե այդքան «խորանան»:
«Առավոտ» թերթը գրում է. «Հարցի առաջին մասին կդժվարանամ պատասխանել, նախ՝ քանի որ այն այնքան էլ հարցի նման չէր, այլ ներկայացված էր որպես փաստ։ Բացի դրանից, հրահանգավորած էր քվեարկությունը, թե ոչ՝ հստակ իմանալու համար պետք է կոնկրետ տիրապետել այդ երկու քաղաքական ուժերի ներքին խոհանոցին։ Իսկ ես նման ինֆորմացիա չունեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարց-դիտարկմանը՝ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում կային մարդիկ, որոնք իրականում կողմ են այս նախաձեռնությանը։ Ի՞նչն էր սպառնալու իշխանության անվտանգությանը կամ ԵՏՄ-ին, եթե քվերակության արդյունքն այսպես հրահանգավորված չլիներ, նախագծին «կողմ»-երի թիվը մի քանիսով ավելին լիներ, ինչը եւ իրական պատկեր կապահովեր, եւ հնարավորություն կստեղծեր նաեւ իշխանությանը ԵՏՄ շրջանակներում մանյովրների համար: «Իսկ ինչ վերաբերում է մանյովրին, ապա այստեղ համաձայն եմ ձեզ հետ։ Եթե քվեարկության պատկերն այլ լիներ, ժողովրդի լեզվով ասած՝ «մեր լեզուն երկար կլիներ» հայ-ռուսական ոչ այնքան իրավահավասար հարաբերություններում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի առողջական խնդիրները սրվել են, որի պատճառով նա անգամ չի կարողացել հանդիպել, ուղեկցել Հայաստանից Վրաստան մեկնած ԱԺ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։ Վարդանյանը, սակայն, հեռախոսազրույց է ունեցել պատվիրակների հետ, «քիչըմ էլ» նեղսրտել, թե մինչ ինքը դեռեւս դեսպան է ու առողջական խնդիրներ ունի, Հայաստանում ակտիվորեն քննարկում են իր փոփոխության հարցը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը կարծես թե վերջնականապես կողմնորոշվեց՝ դաշինքի անդամ պատգամավորները հերթով հայտարարում են, որ բացասական են գնահատում կառավարության մեկամյա գործունեությունը։ Նույնիսկ Նապոլեոն Ազիզյանը, ով երկու շաբաթ առաջ համարում էր, որ Կարեն Կարապետյանը եղածների մեջ լավագույնն է, կտրուկ փոխել է դիրքորոշումը եւ դժգոհում է կառավարությունից, իսկ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ընդհանրապես Կարեն Կարապետյանին համեմատում է Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ։ Կարելի է եզրակացնել, որ հրահանգն իջեցված է վերեւից։ Մնում է սպասել, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջի Կարեն Կարապետյանի հրաժարականը, ինչպես դա անում էր Տիգրան Սարգսյանի դեպքում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած` «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»: Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման` վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է` երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը` ավելի թանկ:
Պատճառաբանությունները զանազան-զարմանազան են, բայց հիմնականը «վերջին երկու տոմսն է», երբ շատ հաճախ պարզվում է, որ ինքնաթիռները կիսադատարկ են թռչում: Տոմսերի գների արհեստական բարձրացումն աշնան այս օրերին, հատկապես դեպի Մոսկվա եւ Թբիլիսի ուղղություններով, «ստախանովյան տեմպերով» շարունակվում է: Էլ առավել անմխիթար վիճակ է տոմսերը հետ վերադարձնելու գործընթացներում. բացարձակապես որեւէ մեխանիզմ չի աշխատում, որեւէ դրամ չի վերադարձվում, եթե անգամ ուղեւորները տոմսը վերադարձնում են մեկ շաբաթ առաջ` առողջական պատճառներով ներկայացված փաստաթղթի առկայության պայմաններում։ Նման ոճով աշխատում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները, հատկապես` «Աէրոֆլոտը», որը նաեւ թվեր կրակելու գործում է ռեկորդակիր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան: Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որեւէ զորամասում որեւէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որեւէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը»: