Որևէ բրիտանացու անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով. բրիտանացի նախարար
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը չի հիշում, որ «Ադրբեջանական լվացքատան»՝ վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալում նաև բրիտանացի գործիչների անուններ բարձրաձայնված լինեն: Այս մասին նա ասաց այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ:
Panorama.am-ի հաղորդմամբ,նա նշել է հետևյալը.
«Ես լիովին հասկանում եմ կատարվածը: Սակայն ես որևէ բրիտանական անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով: Եղել է, բայց վերջին անգամ 6 տարի առաջ: Ես վերջերս նման բան չեմ տեսել: Կարծում եմ, որ եթե կան մեղադրանքներ, դրանք պետք է քննվեն»,- ընդգծեց բրիտանացի գործիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «The Guardian» պարբերականի կողմից վերջերս անցկացված լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ էր արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։
Բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:
Բացահայտված տվյալները ապացուցում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է կատարել։