Լապշին. Իմ դեպքն Իսրայելում հավասարեցվում է մահմեդական երկրում գերության մեջ լինելու հետ
7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է և արտահանձնվել է Իսրայել, հոգեբանական և բժշկական վերականգնում է անցնում Իսրայելում ադրբեջանական բանտից հետո: Այդ մասին բլոգերը գրել է իր Livejournal-ում:
Նա գրում է, որ առաջին հերթին հարկ էր ստուգվել հոգեբույժի մոտ, հետո արյունը հետազոտել, ՄՌՏ անցնել, թոքախտի առկայությունը ժխտել, և մի շարք այլ նեղ մասնագետների մոտ հետազոտվել: «Դա պայմանավորված է նրանով, որ իմ դեպքն Իսրայելում հավասարեցվում է մահմեդական երկրումփաստացի գերության մեջ լինելուն, որտեղ չեն պահպանվում նորմերն ու կանոնները»,- գրել է Լապշինը:
Բլոգերը գրել է նաև, որ բռնության հետքերն ակնհայտ են և Իսրայելում ցանկանում են, որ նա յուրօրինակ կարանտին անցնի: Բժիշկները ցանկանում են համոզվել, որ նրա առողջությունը կայուն է, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիոլոգիական առումով:
Բլոգերը գրել է նաև, որ առաջին օրերին հեռու էր մնում զբոսնող մարդկանցիցն ռեստորանների աղմուկից և բարձր երաժշտությունից՝ հետ էր սովորել մեկուսարանում: Նա հավելել է, որ քիչ-քիչ ընտելանում է բնականոն կյանքին: