23.11.2024
Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերից մի հատված փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարանին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ԼՂ խաղաղ կարգավորման կողմնակից է. ԱՄՆ կոնգրեսականներն ԱԺ-ում են

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է: Այս մասին հաղորդում են ԱԺ-ից:


Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը ընդգծել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:


ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:


Իր հերթին ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջեւ փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում մեծապես կարեւորել են հայ համայնքի ներդրումը:


Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը: